Հերթական անհաջող հայտարարությունն է ռուս չինովնիկի կողմից: Ռուսաց լեզվին նախկին ԽՍՀՄ տարածքում օրենսդրական կարգավիճակ տալու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Ես այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց սա շատ անհաջող հայտարարություն է: Կներեք ինչ-որ մի չինովնիկի հայտարարություն է, թող իրենք իրենց երկրի մասին հայտարարություն անեն, հերթական անհաջող հայտարարությունն է ռուս չինովնիկի կողմից»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել է, որ աշխարհում ռուսերենի կարգավիճակի հարցում մի շարք խնդիրներ կան, որոնց շարքում առաջինը մոտ արտասահմանում ռուսերենի կարգավիճակն է։
«Մեր առաջնային խնդիրը հարեւան երկրներում սահմանադրորեն եւ պրակտիկորեն ռուսաց լեզվի որոշակի ամրապնդումն է»,– ասել է նա։
Միտրոֆանովան հիշեցրել է, որ ռուսերենը ԱՊՀ տարածքում լավագույն դեպքում սահմանված է որպես ազգամիջյան շփման լեզու, որը հստակ եւ հասկանալի իրավաբանական բացատրություն չունի։ «Ռուսերենն արդեն այսօր ազգամիջյան շփման լեզվի դեր է կատարում, սակայն որոշ երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում եւ Բալթյան երկրներում, նոր սերունդը չի տիրապետում ռուսերենին»,– ասել է նա։




























