Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզերում ծանոթանալ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր նա ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն Յու. Ջավադյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, շինաշխատանքներն իրականացնող եւ դրանց ընթացքը վերահսկող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացել է Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին:
Զոլաքարի պոմպակայանի վերականգնման եւ վերազինման ծրագրի համար հատկացումների ծավալը կազմում է 3,2 մլն, իսկ Մարտունու պոմպակայանի համար` մոտ 2 մլն դոլար: Աշխատանքները մեկնարկել են այս տարի հունիսին եւ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2011թ. հունիսի 1-ը: Սեւանա լճի մակարդակի բարձրացման պատճառով պոմպակայաններին ջրածածկում էր սպառնում, դրանց ամբողջությամբ վերականգնումն արդեն հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել:
Ընդգծելով աշխատանքների` որակով եւ ժամանակին իրականացումը` փոխվարչապետը հատուկ անդրադարձել է պոմպակայանների վերականգնման հրատապությանը` դա կարեւորելով ինչպես ոռոգման շրջանի անխափան կազմակերպման, այնպես էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող տեմպերի ապահովման տեսանկյունից: Նշվել է, որ աշխատանքների բարեխղճորեն իրականացումը հնարավոր խնայողությունները մյուս պոմպակայանների վերակառուցմանն ուղղելու նախադրյալներ կստեղծի:




























