Սիլիկոնային հովտում տեղակայված հայկական CodeFights ստարտափը 10 մլն դոլարի ներդրում է ստացել հարթակն ընդարձակելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց CodeFights-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը:
«CodeFights-ը կօգնի ավելի ճիշտ ընտրել պոտենցիալ աշխատակցին՝ չհիմնվելով նրա դիպլոմի, կոչման եւ այլ, ըստ իս, ոչ պետքական ինֆորմացիայի վրա: Հարթակը ծրագրավորողի աշխատանքի տեղավորման պրոցեսն ավելի արդար է դարձնում՝ հիմնվելով միայն նրա գիտելիքների եւ հմտությունների վրա»,- ասաց CodeFights-ի հիմնադիրը:
Տիգրան Սլոյանը ցանկանում է CodeFights-ի միջոցով ընդլայնել ծրագրավորողների աշխատաշուկան՝ թույլ տալով ընկերություններին գնահատել ծրագրավորողի իրական գիտելիքներն ու հմտություններն, այլ ոչ նրա դիպլոմն ու հաճախած համալսարանը: «20 տարի առաջ լավ ծրագրավորող համարվելու համար պետք էր Սթենֆորդի կամ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի դիպլոմ ունենալ, իսկ այժմ բավական է լինել խելացի, աշխատասեր եւ նպատակասլաց եւ օնլայն կրթական հարթակների շնորհիվ դու արդեն կարող ես հավակնել ոլորտում ամենալավ աշխատանքին», կիսվում է Տիգրան Սլոյանը:
CodeFights-ում կարելի է բացել անձնական էջ եւ ծրագրավորման մրցումներ կազմակերպել միմյանց, ինչպես նաեւ ընկերության կողմից ստեղծած բոտերի հետ:
Հարթակում կան առաջատարների աղյուսակներ, որով կարելի է հետեւել ծրագրավորողի առաջխաղացումը: Ծրագրավորման ընկերությունները կարող են օգտագործել հարթակը՝ մասնագետ գտնելու նպատակով: Երբ աշխատակիցն ընտրված է, ընկերությունը CodeFights-ին վճարում է աշխատակցի մեկ տարվա աշխատավարձի 15 տոկոսը:




























