Ավետիսյանների սպանության գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը չեղարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը հրաժարվել էր վարույթ ընդունել բարոյական վնասի փոխհատուցման մասին քաղաքացիական հայցը, ու կրկնակի քննություն նշանակի։
Փաստաբանը, Վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ ներկայացնելով իր բողոքը, նշեց, որ սկզբում ընդհանուր իրավասության դատարանը հայցը վարույթ էր ընդունել, սակայն մեկ ամիս հետո առաջինին հակասող որոշում էր կայացրել՝ որոշելով վարույթ չընդունել հայցը։
Իր դիրքորոշումը դատարանը բացատրել է նրանով, որ օրենսդրությունը չի նախատեսում բարոյական վնասի փոխհատուցում։ Ընդ որում դատարանը հիմք էր ընդունել Վերաքննիչ դատարանի երկու որոշումները։ Սակայն փաստաբանը հիշեցրեց, որ երկու որոշումներն էլ կայացվել էին մինչեւ 2014-ը, այսինքն մինչեւ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների՝ ուժի մեջ մտնելը։ Բացի դրանից գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշում։ ՄԻԵԴ-ը նույնպես համարում է, որ բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը չպետք է ոտնահարվի։
Ներկայացված բողոքին կողմերը չեն առարկել։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որն այսուհետ ներկայացնում է տուժածների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը, ներկայացրել էր հայց, որի պատասխանող կողմը ՌԴ-ն է նշված։ Հայցում նշված են եղել մի շարք գործոններ, որոնք վկայում են խախտումների մասին։ Միջնորդության մեջ նշվում է դասալքության փաստն հայտնաբերելու եւ տեղեկությունը հայկական կողմին հաղորդելու ժամանակահատվածի միջեւ ժամանակային տարբերության փաստը: Ընդգծված է, որ փորձաքննության համաձայն՝ արտասահման ծառայության են ուղարկել մի մարդու, որը որոշակի մտավոր շեղումներ է ունեցել: Ավելին՝ տեղյակ լինելով առկա խնդիրներից՝ ամբաստանյալ Պերմյակովի ղեկավարությունը այդուհանդերձ հնարավոր է համարել նրան տաբելային զենք տրամադրելը: Ռուսական բազայի ներկայացուցիչները փաստացի մի շարք խախտումներ են թույլ տվել: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազար եվրո երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար:




























