Կան հարաբերություններ, որոնց մասին հնարավոր չէ խոսել առանց ջերմության, եւ այդպիսի դեպքերից մեկն էլ հենց հայ-արաբական հարաբերություններն են ու նաեւ մեր հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հայերն ու արաբները իրար ճանաչում են, համագործակցել են շատ երկար տարիներ, եւ պատահական չէ, որ հայ ժողովրդի մասին մենք պատմական տեղեկություններ ենք քաղում շատ պարագաներում արաբ հեղինակներից եւ հակառակը: Եվ Հայաստանի անկախացումից հետո հաստատված միջպետական հարաբերությունները շատ կայուն են եւ զարգանում են մեզ համար ցանկալի հունով»,- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Այս առումով կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի տարբերակել երկու հարթություն, այսինքն՝ հասարակական եւ միջպետական: Եվ պետք է ասել, որ մեր միջպետական հարաբերությունները կառուցվում են մեր երկու ժողովուրդների ամուր բարեկամության հիմքերի վրա»:
Ըստ Սարգսյանի, շատ օրինակներ կարելի է պատմությունից բերել։ «Բայց ես ընդամենը մեկ օրինակ եմ ուզում բերել եւ ասել, որ հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկի ժամանակ՝ 1915 թվականին եւ ընդհանրապես դրանից առաջ էլ, հետո էլ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժամանակ մեր արաբ քույրերն ու եղբայրներն իրենց դրսեւորեցին շատ դրական կողմերով՝ ձգտելով ամեն անգամ փրկել հայերի կյանքը: Բացի դրանից, նրանք հնարավորություն տվեցին հայերին բնակվելու իրենց երկրներում եւ այդ հնարավորության հետ միասին նաեւ խրախուսեցին նրանց զարգացումը: Մենք այս առումով մշտապես երախտապարտ ենք: Եվ հիմա էլ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում»,- նշել է նա:
Նախագահը նկատել է, թե արաբական աշխարհը եւ առաջին հերթին Էմիրություններն ունեն հսկայական ներդրումային ներուժ: «Մենք ունենք ներդրումները կլանելու ներուժ: Եվ այս ներուժերը միացնելու, շատ ամուր իրար կապելու արդյունքը կարող է լինել շատ դրական:
Ունենք արդեն առաջին արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այսօր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շատ բարձր մակարդակով տեսանելի ապագայում Միացյալ Էմիրություններում անցկացնել ներդրումային մի մեծ ժողով, որպեսզի արաբ ներդրողները տեսնեն Հայաստանի ներդրումային առավելությունները: Մենք բազմաթիվ այլ պայմանավորվածություններ ենք այսօր ձեռք բերել, որ աշխատելու են ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարեկամության»,- ասել է Սերժ Սարգսյանը:



























