Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերությունը հայտարարում են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի գրանցման մեկնարկը: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնեցին ԻՏՁՄ-ից։
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից:
Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ անհատներին:
Մրցույթի ծրագրավորման լեզուն Scratch է: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, որտեղ հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները:
Աղվեսը Scratch ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաեւ ռոբոտներ ծրագրավորելիս:
Մրցույթը խրախուսական է լինելու եւ տաղանդավոր երեխաների բացահայտման միջոց է: Ծրագրի յուրահատկությունն այն է որ երեխաները MIT կայքում են անմիջապես աշխատելու, ինչը հնարավորություն է տալիս նրանց միջազգային հարթակում հայտնվել եւ օտարերկրացի երեխաների հետ շփվել եւ քննարկել իրենց իսկ ստեղծած խաղերը հայտնել են ԻՏՁՄ-ից:
Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել մասնակցության հայտը, գրանցվել scratch.mit.edu կայքում իրական անունով, ստեղծել կամ ներբեռնել արդեն ստեղծած աշխատանքը եւ նկարել տեսանյութ խաղի մասին: Հայտերը ընդունվում են մինչեւ 2017թ. հունվարի 28-ը:
Ժյուրին կորոշի եզրափակիչ անցած մասնակիցներին: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը` 3-5 րոպեի ընթացքում կներկայացնի իր աշխատանքը, որից հետո ժյուրին կհայտարարի մրցանակակիրներին:
Մրցույթի անվանակարգերն են՝ Բնագիտական վիրտուալ լաբորատորիա /սիմուլյացիաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), Ինտերակտիվ անիմացիա (գրականություն, պատմություն, լեզուներ,մաթեմատիկա), Համակարգչային խաղեր, Սարքերի ինտեգրում նշված ծրագրերն` նոր տեխնիկական լուծում:




























