ՀՀԿ-ն այսօր՝ նոյեմբերի 22-ին Գործադիր մարմնի նիստ է արել եւ քննարկել նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող հարցեր: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխություն է նախատեսվում, կազմակերպչական մի շարք խնդիրներ քննարկվեցին կապված համագումարի հետ»,- ասել է Մինասյանը։

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին, նա ասաց, որ որքան ինքն է տեղյակ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել:

Հարցին՝ քննարկվե՞լ է 1000 դրամներին վերաբերող օրինագծում փոփոխություն կատարելու հարցը, մասնավորապես՝ դիմումների հիման վրա վճարումներից հրաժարվելու առաջարկը, Գագիկ Մինասյանն ասել է, որ այդ հարցը դեռ քննարկումների փուլում է եւ որ վերջնական որոշում չկա:

Ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գործադիր մարմնի նիստին: