Իրանը որեւէ սահմանափակում չի տեսնում հարեւան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ կապերի ընդլայնման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամեդ-Ռեզա Ռահիմին:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, նա այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ընդգծելով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունն արագացնելու անհրաժեշտությունը՝ Իրանի փոխնախագահն ասել է, թե երկաթգծի իրականացումը մեծ քայլ կլինի երկու երկրների կապերի զարգացման գործում:

Նա նշել է, որ Հայաստանը կապված է լինելու հարեւան երկրների հետ Իրանի միջոցով եւ մեծ տարանցիկ ցանց է ստեղծվելու, երբ երկաթուղին սկսի գործել:

Շեշտադրում անելով մահմեդականների եւ հայերի բարեկամական կապերի վրա՝ Ռահիմին նկատել է, թե Թեհրանն ու Երեւանը միշտ սերտ համագործակցել են իրար հետ:

Նա նշել է, թե Իրանը պատրաստ է գիտատեխնիկական ոլորտում իր փորձը կիսել  Հայաստանի հետ: