Հայ-թուրքական ենթահանձնաժողովը չի քննարկելու Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունները, որոնք նախատեսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: «Մենք երբեք չենք թաքցրել, որ ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որի կազմում լինելու են տարբեր ենթահանձնաժողովներ՝ տարատեաակ հարցեր քննարկելու համար: Ենթահանձնաժողովներից մեկը զբաղվելու է երկու ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմամբ՝ պատմական երկխոսության հիման վրա: Մենք չենք դրել 1915թ. դեպքերը կամ ցեղասպանությունը քննարկելու հարց»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են։ Համաձայն վերջինի՝ կստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որում բացի այլնից, լինելու է ենթահանձնաժողով, որը զբաղվելու է պատմական հարթությամբ՝ երկխոսության հաստատմամբ, երկու ժողովուրդների միջեւ վստահության հաստատմամբ, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրմամբ՝ հայ, թուրք, շվեյցարացի եւ միջազգային փորձագետներից բաղկացած ենթահանձնաժողովներում:




























