Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաեւ զինված ուժերի զարգացման պլանին, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել են հայկական զինված ուժերի հարվածային եւ կրակային խոցման հնարավորությունները, լրակահավորվել են մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին եւ հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ:

Ընդհանուր առմամբ, վերլուծելով պլանի եւ ծրագրի կատարման ընթացքը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են զինված ուժերի մարտունակության առավել բարձրացմանը, առաջադրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ կարեւորել է քննարկված հարցերի արդիականությունը, խնդիրներ է առաջադրել հետագա անելիքների եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման վերաբերյալ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: