ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ հաղորդագրությունից, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:
Առանձնազրույցի ընթացքում՝ Արարատ Խանդոյանը նշել է, որ թեեւ իրեն տրամադրել է էլեկտրական ջեռուցիչ,այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է եւ այդ հատվածն Արարատ Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաեւ իր մոտ հիվանդությունների առկայության մասին:
Արձանագրելով պատժախցի պատուհանի ապակու կոտրված լինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից տեղում բարձրացվել է խնդիրը: Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի՝ լուծելով հարցը:
Արարատ Խանդոյանի հարցով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ քննարկում է տեղի ունեցել նաեւ այսօր, կարեւորվել է բժշկի այցի անհրաժեշտությունը, որը տեղի կունենա երկուշաբթի առավոտյան:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաեւ փաստաբանի բողոքը՝ Ա.Խանդոյանի հայտարարության պատճենի հետ միասին: Բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Արարատ Խանդոյանի ու նրա փաստաբանի նշած հիվանդությունների պայմաններում պատժախցում Արարատ Խանդոյանի գտնվելու, ինչպես նաեւ համապատասխան բժիշկների խորհրդատվության կազմակերպման հարցերը:




























