Թուրքիայի հարավ-արեւելքում նոյեմբերի 26-ին եւս մեկ հայտնի լրագրող է ձերբակալվել, որը համագործակցում է գերմանական WDR դատաիրավական մեդիաընկերության, BBC-ի եւ «Ամերիկայի ձայնի» հետ: Հաթիջե Քամերին ձերբակալել են Սիիրտ նահանգի հանքահորում տեղի ունեցած աղետը լուսաբանելիս: BBC-ի հաղորդմամբ՝ Քամերը փորձել է կապվել հանքափորների հարազատների հետ:
WDR-ի փոխանցմամբ՝ իշխանությունները որպես ձերբակալության պատճառ նշել են ռազմական տարածքում լուսանկարահանումը: Քամերին կալանավորել են նրա վարորդի հետ միասին, սակայն վերջինին հետագայում ազատ են արձակել:
Հաթիջե Քամերը, ըստ WDR-ի, Թուրքիայի քրդաբնակ շրջանում աշխատող եզակի լրագրողներից է: Գերմանիայի Ժուռնալիստների միությունը դատապարտել է Քամերի ձերբակալությունը եւ Գերմանիայի իշխանություններին կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ լրագրողին անհապաղ ազատ արձակելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիարբեքիրում ձերբակալվել է «Ամերիկայի ձայնի» թուրքական խմբագրության թղթակից Հաջիջան Ֆարքինը, որը նույնպես լուսաբանել է Սիիրտի հանքահորում վթարի թեման: Ձերբակալության պատճառը չի նշվում, Ֆարքինի փաստաբանին թույլ չեն տվել 5 օր շարունակ հանդիպել նրան:




























