Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչն ու Հասարակություն եւ Ժողովրդավարություն ասոցիացիայի նախագահ Բայբարս Օրսեքը հոկտեմբերի 28-ին Երեւանում կոնֆերանս են կազմակերպում: Այն կրելու է «Բացեք սահմանները` հանուն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր ապագայի» խորագիրը:

Կոնֆերանսը տեղի կունենա 13:00, Երեւանում` Armenia Marriott հյուրանոցում:

Հայկական կողմից կոնֆերանսին աջակցում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան:

Այնուհետ,  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:

«Հզոր Թուրքիա» կուսակցությունը հանդես է եկել նոր` հայ-թուրքական բարեկամության շարժում ստեղծելու նախաձեռնությամբ: Կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, որ շարժումը ստեղծվել է ի պատիվ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարելիցի:

Նորաթուխ կազմակերպության նպատակը երկու երկրներն իրար մոտեցնելն է: Կուսակցության առաջնորդի խոսքով, շարժման անդամ են արդեն 500 հոգի: