Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քննության առնել 2014թ. հոկտեմբերի 3-ին մահացած հայտնաբերված 22-ամյա Ժորա Ավետիսյանին մահից առաջ ծեծելու համար 2 ամսվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թադեւոսյանի պաշտպանի բողոքը:

Հովհաննես Թադեւոսյանի պաշտպանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը` պահանջելով բեկանել դատավճիռը` ազատազրկումը փոխարինելով տուգանքով, կամ կիրառել Քրեական օրենսգրքի 70 հոդվածը, այն է` պատիժը պայմանականորեն չկիրառել: Վերաքննիչը, սակայն, մերժել է քննության առնել բողոքը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննես Թադեւոսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ժամը 19:30-ի սահմաններում Ռոբոտների գործարանի հարակից տարածքում ծեծի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ Ժորա Ավետիսյանին: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ժորայի մահը ծեծի հետ կապ չունի, այդ պատճառով էլ Հովհաննեսն ազատազրկվել է ընդամենը 2 ամսով:

Վճիռը, սակայն, Ավետիսյաններին չի բավարարում: Ծնողները շարունակում են պնդել, որ իրենց որդուն ծեծելով սպանել են մի խումբ անձինք:

«Այստեղ էլ մի քանի ամիս շարունակ տեւած քննության ընթացքում պարզվում է, թե որդիս չի մահացել ծեծի հետեւանքով, այլ ինքն ունեցել է մանկական հիվանդություն եւ մահացել է երակի տրաքելուց: Մեր որդին ոչ մի հիվանդություն չի ունեցել, մենք համապատասխան փաստաթղթերը վերցրել են: Ստացվում է` որդուս ծեծելով սպանում են, սակայն մեզ ասում են` հիվանդություն է ունեցել եւ դրանից է մահացել: Բայց ո՞նց կարող էր նման բան լինել: Սպանություն որակվելու փոխարեն որակվել է որպես ծեծ, այսինքն Հովհաննես Թադեւոսյանն ընդամենը մի անգամ ապտակել է, հետո Ժորան վատացել է, ընկել ու մահացել, այդքան բան»,- ավելի վաղ մեզ պատմել էր երիտասարդի հայրը` Հայկ Ավետիսյանը: