Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 25-27-ը Երեւանում արդեն երրորդ անգամ անցկացվող նիստին մասնակցում են ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներն ու փորձագետները։ 1993թ. դեկտեմբերի 23-ին ստեղծված այս խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսական ինտեգրման խորացմանը, ԱՊՀ մաքսային ծառայությունների գործողությունների համակարգմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը եւ մաքսային ընթացակարգերի միասնականացմանը։
Նիստի սկզբում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. « ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը եւ ընդունմանը, որոնք նպաստելու են մեր երկրների առեւտրատնտեսական ներուժի առավելագույնս լիարժեք օգտագործմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, մաքսանենգության դեմ համաձայնեցված պայքարի միջոցների մշակմանը եւ ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությանը։ Ձեւավորվում է մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ միջոցառումների ու միասնականացված գործողությունների անցկացման ընթացակարգ։
Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ հանցավոր խմբավորումները հիմնականում ձեւավորում են ստվերային տնտեսություն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` մաքսային հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարը, կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությունը եւ մաքսային արժեքի սահմանմանը, ռիսկերի կառավարմանը, էլեկտրոնային հայտարարագրմանն ու էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը պետք է առաջնահերթ լինեն ԱՊՀ մաքսային ծառայությունների գործունեության մեջ»։





























