Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Սոթքի ոսկու հանքավայրում հնչած կրակոցների վերաբերյալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 31-ամյա Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 35-ամյա Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել եւ ձերբակալել Վահագն Մ.-ին:

Հանցագործության գործիք ինքնաձիգը եւ 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:

Կատարվում է քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սոթքի ոսկու հանքավայրում դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը  ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի  ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։