Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գտնում է, որ Հայաստանի թեթեւ արդյունաբերության վերածնունդը հնարավոր է տոլինգի մեխանիզմի ներդրման միջոցով։ Ելույթ ունենալով բյուջետային քննարկումների ժամանակ՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ հայկական տեքստիլը արտահանման մեծ պոտենցիալ ունի եւ այդ առումով զիջում է միայն գյուղատնտեսությանն ու ադամանդագործությանը (ներառյալ ոսկերչությունը)։

Շուտով կառավարությունը մի օրինագիծ կներկայացնի, ըստ որի թեթեւ արդյունաբերության համար անհրաժեշտ բոլոր ներկրվող սարքավորումները իրենց «կյանքի» ընթացքում կազատվեն ավելացված արժեքի հարկից։ Ըստ նախարարի՝ Եվրամիության որոշ երկրներ ձգտում են քարտեզի վրա «դեպի աջ շարժվել», որը հնարավորություն է ստեղծում հավակնել նոր հզորությունների գործարկման։ Դա կարելի կլինի իրականացնել տոլինգի մեխանիզմի միջոցով, երբ ոչ թե ամբողջ հագուստն է կարվելու Հայաստանում, այլ իրականացվելու է կարուձեւի մեկ կամ մի քանի գործողություն։ Մի քանի տարվա ընթացքում, ըստ նախարարի, այս մեխանիզմը թույլ կտա ոտքի կանգնեցնել թեթեւ արդյունաբերությունը եւ հագուստ արտահանել դեպի այլ երկրներ։ Ենթադրվում է այնուհետեւ նոր հայկական բրենդի ստեղծում։