Ադրբեջանական Oil and Gas Contraction Trust ընկերությունը հաղթող է ճանաչվել վրացական Millennium Challenge Georgia (MCG) հիմնադրամի կողմից հայտարարված «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում սարքավորումներ ու խողովակներ տրամադրելու ու վերանորգման աշխատանքներ իրականացնելու միջազգային մրցույթում:
Այս մասին հաղորդում է «Կավկազ-պրեսը»՝ հղում անելով MCG-ին։
Տենդերի համաձայն, ադրբեջանական ընկերությունը 120 օրվա ընթացքում պարտավորվում է 6 մլն. դոլար արժողությամբ խողովակներ ու սարքավորումներ մատակարարել: Մրցույթում ադրբեջանական ընկերությունը հաղթել է շվեյցարական Stemcor եւ վրացական New Energy ընկերություններին:
«Հյուսիս-հարավ» գազատարի վերանորոգման աշխատանքների նոր փուլը ֆինանսավորվելու է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2008 թ. Վրաստանին փոխանցած 100 մլն դոլար դրամաշնորհի հաշվին:
Նշենք, «Հյուսիս-հարավ» գազատարը կառուցվել է 1970-ական թվականներին՝ Ռուսաստանից Հայաստան եւ Վրաստան բնական գազի մատակարարման համար։ Գազատարն ունի 340 կմ երկարություն, որից 221 կմ-ն անցնում է Վրաստանի տարածքով։





























