Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոյեմբերի 3-4-ը Երեւանում անցկացվելիք Հայաստան -ԱՄէ առաջին գործարար համաժողովի կազմակերպական հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը, Հայաստանի ԱԳ եւ էկոնոմիկայի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարները:

Հայաստան- ԱՄԷ գործարար համաժողովին արաբական կողմից նախատեսվում է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ չորս տասնյակ գործարարների մասնակցություն` ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա Քասիմիի գլխավորությամբ:  

Համաժողովի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը եւ գործարարների միջեւ ուղիղ շփումների հաստատումն է: Համաժողովի ընթացքում արաբական կողմին են կներկայացվել Հայաստանում իրականացվող եւ իրականացվելիք տնտեսական խոշոր նախագծերը, կքննարկվեն գործակցության հեռանկարները: Հյուրերը նաեւ կայցելեն մարզեր` ծանոթանալու մշակութային, զբոսաշրջային, արդյունաբերական ներուժին: