Կրկեսային ստուդիայի դռները տաղանդավոր երիտասարդների համար բաց են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, Հայաստանի Կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը:
«Ստուդիան կրում է ականավոր Լեոնիդ Ենգիբարովի անունը: Ստուդիան հիմնել եմ 1972 թվականին: Ենգիբարովը մահացել է հուլիսի 25-ին: Իսկ սեպտեմբերի 1-ին բացվել է նրա անունը կրող ստուդիան, որը մինչ օրս գործում է»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Անցած տարիների ընթացքում ստուդիան հազարավոր շրջանավարտներ է ունեցել: «Եվ բոլորն անվճար են սովորել: Համաձայնեք, որ ներկայիս բիզնես հարաբերությունների համար դա շատ հազվադեպ երեւույթ է: Մենք երեխաներին 6 տարեկանից ենք ընդունում, բայց տարիքային այլ սահմանափակումներ չկան: Ստուդիայում այժմ 120 մարդ է սովորում: Ավելի տարիքով մարդիկ էլ են գալիս, բայց հիմնականում սովորելու ենք ընդունում կրտսեր խումբ: Սակայն կան ժանրեր, որոնք տարիքի հետ կապ չունեն՝ աճպարարները, ծաղրածուները»,- նշեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Ստուդիան առանձնապես հնարավորություններ չունի՝ վատ ջեռուցվող շենք, այն էլ՝ իրեն չպատկանող: Չնայած դրան, ստուդիա են գալիս մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Ստուդիայի զարգացման համար մեծ հույս են կապում կրկեսի նոր շենքի հետ: «Հարմարություններ չկան, բայց մենք պարապում ենք: Ցուրտ է՝ մենք պարապում ենք: Կրկեսը արվեստի բարդագույն տեսակ է: Կրկեսի դերասանի համար անհարմարավետություն հասկացություն գոյություն չունի: Այդ պատճառով էր հռչակավոր Ստանիսլավսկին իր դերասաններին ուղարկում կրկեսային դերասանների մոտ կարգապահություն սովորելու: 8 ժամ աշխատում են, իսկ երեկոյան ներկայացմանն են քրտինք թափում»,- ընդգծեց Սոս Պետրոսյանը:
Խոսելով այն մասին, թե ինչով է այժմ զբաղված Երեւանի կրկեսի թատերախումբը, Սոս Պետրոսյանը նշեց, որ գործնականում բոլոր դերասանները կրկեսի նոր շենքի բացման սպասմամբ ձեռքերը ծալած նստած չեն: «Դերասանները արտասահմանում ներկայացումների են մասնակցում: Կրկեսում, ինչպես ֆուտբոլում, համակարգը պայմանագրային է: Դա թատրոն չէ, որ այսօր Շեքսպիր բեմադրեն, վաղը մեկ ուրիշ բան: Մեր աշխատանքը հյուրախաղային է՝ որտեղ ցանկանում՝ այնտեղ էլ գնում են, ում ցանկանում ենք՝ հրավիրում ենք: Շատերն են հարցնում՝ իսկ որտե՞ղ են կենդանիները: Պատասխանում եմ՝ կրկեսը կենդանաբանական այգի չէ: Կենդանիները դերասաններին են պատկանում»,- պարզաբանեց Սոս Պետրոսյանը:





























