Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության դիրքորոշումը «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Նա կարեւորել է շինաշխատանքներն իրականացնող եւ դրանք վերահսկող ընկերությունների համագործակցված աշխատանքը, որպեսզի հնարավոր բացթողումները ծրագրի թերի իրականացման պատճառ չդառնան, եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանին հատկացված գումարներն ամբողջովին ու նախատեսված կարգով ծառայեն իրենց նպատակին:
Նա պահանջել է, որպեսզի ընկերությունն ավելի մեծ թափ հաղորդի աշխատանքներին: Կարեւորվել են նաեւ աշխատանքային պայմանների անվտանգության հետ կապված հարցերը:
Ա. Գեւորգյանը նկատել է, որ արեւմտյան շինարարական ընկերություններին ծրագրին մասնակից դարձնելու նպատակներից էր նաեւ նրանց փորձը Հայաստանում կիրառելի դարձնելը:
Փոխվարչապետն ընդգծելով, որ կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում ՀՄՀ-ի ծրագրերի ընթացքին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: Շինարարական ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ շինաշխատանքների կազմակերպման եւ նախագծերի համաձայնեցման գործընթացի մեծ մասն արդեն ավարտված է:




























