«Նաբուկո» գազամուղը գազով ապահովելու համար անհրաժեշտ է դիվանագիտության աջակցությունը: Ինչպես երեկ հայտնել են Ռումինիայի նախագահի մամուլի ծառայությունից, այդ մասին Ռումինիայի ԱԳՆ-ում իր ամենամյա ժողովում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բասեսկուն: Նա կոչ է արել "չլսել նրանց, ովքեր ասում են. «Մենք միացել են նախագծին, բայց որտե՞ղ է գազը», ապա հավելել. «Գազ „Նաբուկոյի“ համար կա: Այն կա Իրաքում, Իրանում եւ Թուրքմենստանում: Փառք Աստծո, Կասպյան տարածաշրջանում գազամուղ լինելու է: Չմոռանանք նաեւ Եգիպտոսի մասին, որը վերջերս է միացել գազամուղին՝ Թուրքիայի տարածքում, եւ հնարավորություն ունի իր ներդրումն ունենալ „Նաբուկոյի“ գործունեության համար»: Հատկանշական է, որ որպես գազի մատակարար երկիր չի նշվում Ադրբեջանի անունը:

Ընդհանուր առմամբ, ըստ Բասեսկուի, գազի մատակարարների հետ պայմանագրերի հարցը այն ընկերությունների խնդիրն է, որոնք կազմավորել են կոնսորցիումը: Դիմելով ԱԳՆ-ում ծառայողներին՝ Ռումինիայի նախագահը նշել է, որ «ռումինական դիվանագիտության ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ կոնսորցիումի կազմում ընդգրկված ընկերությունները կարողանան պայմանավորվել բնական գազի մատակարարումների շուրջ»: