«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին ահազանգում են նրա շահերի պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը: Նրանց խոսքով, Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերեւի հիվանդություն, ինչպես նաեւ նա տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 եւ C2 մասնահատումով եւ պրոտեզավորմամբ , նրա մոտ առկա է նաեւ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի:

Արթուր Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ եւ ունի հատուկ պայմանների կարիք: Հիշյալ առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը եւ պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետեւանքների պատճառ դառնալ նրա կյանքի եւ առողջության համար:

Արթուր Սարգսյանը կալանավորման պահից ունի անընդհատյա ցավեր եւ գրեթե ամեն օր ստանում է ցավազրկող միջոցներ  (Կետոնալ միջմկանային):

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ որովայնի, սաստկացել են, եւ նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն, այդպես էլ նրան օգնություն չի ցուցաբերվել (բժիշկ է կանչվել հերթափոխի պետերի, ինչպես նաեւ հարկի հերթապահի միջոցով):

Այնուհետեւ Արթուր Սարգսյանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նազարյանին, ով վերջապես հրավիրել է ինչ-որ բժշկի (ոչ Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցի), որն ասել է, որ անհրաժեշտ է դիմում, որպեսզի իրականացվի համապատասխան բուժօգնություն:

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արթուր Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոցներ եւ փսխումներ: Դեկտեմբերի 11-ին նրա մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ, եւ նորից բժիշկ  հրավիրվելու պահանջ է ներկայացվել Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմին: Այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը եւ ցավազրկող է առաջարկել, չափել է ճնշումը, որը 110/160 էր, եւ ասել է, որ լուրջ խնդիր չկա, եւ գնացել, իսկ Արթուր Սարգսյանի շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից 15-20 րոպե հետո նրա մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  բժիշկը, կրկին շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց Արթուր Սարգսյանի վիճակի շարունակական վատթարացման արդյունքում  կանչվել է       շտապօգնություն, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա եւ ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի եւ ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետեւ Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Արթուր Սարգսյանի առողջական խնդիրների ախտորոշումը եւ նշանակված բուժումը չի տրամադրվել նրան:

Հիշյալ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ պատշաճ որակի բուժօգնություն տրամադրելու հարցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը չի շտապում: Աղեստամոքսային խնդիրների պարագայում բուժման բաղադրիչ է նաեւ հատուկ սննդակարգը, որը եւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացակայում է, բավարար չի կարելի համարել նաեւ պահման պայմանները՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ այն խուցը, որում պահվում է նա, ինչպես նաեւ առանձնատեսակցությունների համար նախատեսված սենյակները չեն ջեռուցվում:

Այսօր Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից համապատասխան դիմումներ են ուղարկվել ՀՀ Արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկների վարչություն, Նուբարաշեն ՔԿՀ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն եւ օգնություն տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերջինին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ ապահովել պատշաճ բուժում եւ խնամք: