Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարեւորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով եւ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով:

Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները եւ խնդրի կարեւորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը: