Կարտոֆիլի իրացման հետ կապված անցած տարվա խնդիրները լուրջ դժվարությունների առաջ կանգնեցրին գյուղացիներին: Թեեւ արդեն պետք է նրանք սկսեն իրացնել այս տարվա կարտոֆիլը, սակայն դեռ հին ցավը չեն մոռացել: Անցած տարվա խնդիրների հետ կապված մեզ հետ զրույցում դժգոհեցին կարտոֆիլի շտեմարան համարվող Գեղարքունիքի մարզի գյուղացիները.
«Ահավոր էր էդքան կարտոշկա ջուրը թափվեց, ինչ տանջանքով մշակեցինք ու մինչեւ հիմա հորերը մնաց, որ գաս իմ հորը բացես, լիքը կարտոշկա կա: Ես ստիպված խոզ առա պահեցի, որ գոնե մի ձեւով ինձանից հեռացնեմ էդքան կարտոշկեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գետաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը: Իհարկե, խնդիրը խոզաբուծությամբ չլուծվեց եւ շատերի աշխատանքը ջուրը լցվեց, որի պատճառով էլ ոմանք այս տարի նվազեցրել են կարտոֆիլի ցանքատարածությունները:
«Ես էս տարի շատ քիչ եմ ցանել, որովհետեւ մեր մոտ կարտոֆիլի երկիր ա, բայց դրսից կարտոշկա են ներմուծում, Վրաստանը ճամփեն ա փակում, էլ ում վրա պտի ծախեմ կարտոշկեն, ես էդ չեմ հասկանում: Ես վստահ չեմ, որ էս տարի մեր կառավարությունը էդ խնդիրը կլուծի, դրա համար ցանել եմ էնքան, ինչքան ինձ յոլա կտանի, էլ հույսս կտրել եմ, որ կարտոշկով ընտանիք պիտի պահեմ»,- ասում է գետաշենցի Աշոտը: Գյուղացիների հետ մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ այս տարի էլ իրենք մի ուրիշ փորձության առջեւ են կանգնած: Հորդառատ եւ տեւական անձրեւների պատճառով կարտոֆիլը մանր է եւ վնասված:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց Թուրքիայից կարտոֆիլ ներմուծելու հանգամանքը` նշելով, որ ներմուծվել է ընդամենը 7-8 տոննա տնկանյութ այն էլ ոչ թե Թուրքիայից, այլ Եգիպտոսից: «Ի դեպ, ուզում եմ նշել, որ կարտոֆիլի հետ կապված արտադրության ցուցանիշը պայմանավորված է Հայաստանի հանրապետությունում կարտոֆիլի նոր բարձր տեսակով, բարձր վերարտադրությամբ եւ բերքատու սորտեր ձեռք բերելու պայմաններում, որի արդյունքում հանրապետությունում կարտոֆիլի խնդիրը իսպառ լուծվեց: Սեփական արտադրության կարիքները բավարարվեցին: Շուրջ 90-100 հազար տոննա արտադրության պայմաններում, որը գերարտադրություն է, գյուղացիական տնտեսությունները, իսկապես, հայտնվեցին ծանր կացության մեջ»,- նշեց պարոն Գալստյանը:
Վերջինիս տվյալներով՝ 2008 թվականին արտադրվել է 647 հազար տոննա կարտոֆիլ, որը վերջին հինգ տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշ է այն դեպքում, երբ 2003-ից մինչեւ 2008 թվականի արտադրության միջին ցուցանիշը կազմում է 525-ից 530 հազար տոննա: Ինչ վերաբերվում է Վրաստան կարտոֆիլ արտահանելուն, Գալստյանի խոսքով, 2008 թվականին Հայաստանից Վրաստան արտահանվել է 3456 տոննա կարտոֆիլ: Այս տարի մինչեւ մարտի վերջը, երբ ճանապարհը բաց էր, արտահանվել է 1540 տոննա: Շուրջ 2000 տոննայով պակաս կարտոֆիլ է արտահանվել 2009 թվականի առաջին եռամսյակում՝ ամբողջ անցյալ տարվա համեմատությամբ: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ իրենք ձեռնունայն նստած չեն եւ փորձում են համագործակցել հարեւան պետության՝ Վրաստանի հետ, որպեսզի արտահանման խնդիրը լուծվի: Հիշեցնենք, որ անցյալ տարի վրացական կողմը հայտարարեց, թե իրենց երկիր ներմուծվող կարտոֆիլի վրա հայտնվել է վնասատու եւ առանց հայկական կողմին լսելու՝ ճանապարհը փակեց:
Պարոն Գալստյանը այս տարվա բերքի ակնկալվող քանակի մասին ասաց հետեւյալը. «Անցյալ տարվանից կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են 2295 հեկտարով: Այս տարի ակնկալվում է կարտոֆիլի սպասվելիք բերք՝ անցած տարվա 647 հազար տոննայի դիմաց, մոտ 590-600 հազար տոննա կարտոֆիլ: Շուրջ 60 հազար տոննա պակաս»: Իսկ, թե ինչ գնի սահմաններում գյուղացին այս տարի կիրացնի կարտոֆիլը, պարոն փոխնախարարը չուզեց որեւէ կանխատեսում անել: Փոխարենը մանրամասնեց իրենց այն քաղաքականության մասին, որով փորձում են կարտոֆիլի ցանքատարածություններում աճեցնել հացահատիկ, քանի որ նույնիսկ Վրաստան կարտոֆիլ արտահանելով խնդիրը չի լուծվում:
«Նախորդ տարիներին Վրաստան արտահանվել է 3500 տոննա: Եթե այս տարի ճանապարհները բացվի, այդ խոչընդոտը վերանա, մենք այս թիվը դարձյալ կարող ենք ունենալ, բայց դա դեռ փրկություն չէ: Եթե կարտոֆիլը, իսկապես, 100 հազար տոննա ավել է արտադրվում, ապա մեխանիկորեն ինչո՞ւ ենք ցանքատարածությունները ավելացնում, դրա փոխարեն հակառակը պետք է անել՝ այդ նույն շրջաններում հացահատիկ աճեցնել: Հանրապետության բոլոր մարզերում եղել է կարտոֆիլի ավելցուկ: Աշնանացանը 125 հազար հեկտարից պակասել է մինչեւ 90 հազարի: Այդ նույն տարածքներում եւ հացահատիկն էր, եւ կարտոֆիլը, բայց այսօր կարտոֆիլը ավելի շահավետ կուլտուրա է համարվում եւ մարդիկ ավելի շատ այդ են ցանում», նշեց գյուղատնտեսության փոխնախարարը:



















