Այսօր` հոկտեմբերի 29-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին եւ երրորդ տրանշի` Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքները։ Կառավարման խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին` առավելագույն միավոր ստացած «Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին հրավիրել ֆինանսատեխնիկական առաջարկ ներկայացնելու։

Խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի առաքելության 2010թ. սեպտեմբերի 13-20-ը այցելության Հուշագրի մասին հաղորդումը։

Օրակարգի մեկ այլ հարցով նիստում հաստատվել է մշտական գործող մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը։