Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց DigiTec Expo 2010 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Սա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում կազմակերպվող խոշորագույն միջոցառումն է։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ DigiTec-ը նաեւ ինժեներական մտքի եւ ձեռներեցության տոնն է։
DigiTec-ին մասնակցում են 68 ընկերություններ (նաեւ օտարերկրյա), ինչն աննախադեպ աճ է եւ գերազանցում է 2005թ. մասնակցությունը ավելի քան 30 տոկոսով: Ակնկալվում է նաեւ այցելուների թվի աճ. 15 հազ. այցելու` 2009 թ. 12 հազ.-ի փոխարեն: Այցելուների թվի հստակեցման նպատակով այս տարի առաջին անգամ կիրառվելու են հատուկ տեխնիկական միջոցներ, որոնց շնորհիվ ցանկացած մուտք գործող այցելու կստանա իր այցելության համարի նշումով թերթիկ: Գրանցվող այցելուները նաեւ հնարավորություն կստանան մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «Յունիքոմփ» ընկերությունը HTC հեռախոսներ կշնորհեն հաղթողներին, իսկ «Այքըն Քոմունիքեյշնս» ընկերությունը` ինտերնետ միացման փաթեթ:
Մասնակից միջազգային ընկերություններից են գերմանական «Կրոնե», սինգապուրյան «Singapore Technologies Kinetics», ռուսաստանյան «Samara State Aerospace University», «Դ-Լինկ» ընկերությունը, որը ցանցային սարքավորումներ արտադրող համաշխարհային 5 ամենամեծ ընկերություններից է եւ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է «Դ-Լինկ» ընկերության տարածաշրջանային կենտրոն:
«DigiTec»-ի օրերին Հայաստանում կլինի նաեւ «Դ-Լինկ»-ի նախագահ Տոնի Ցաոյի գլխավորած 40 հոգանոց պատվիրակությունը, ինչը բացառիկ դեպք է այս կազմակերպության պատմության մեջ: Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանի խոսքով՝ «Դ-Լինկ»-ի նախագահն այցելում է միայն շատ խոշոր, համաշխարհային նշանակության ցուցահանդեսներ:





























