Հայաստանի խորհրդարանը սկսել է Ազգային Ժողովի կանոնակարգի փոփոխության օրինագծի մշակումը, որով լիովին արգելվում է օրենսդիր գործունեությանը զուգահեռ ձեռնարկատիրությամբ զբաղվելը:

Ինչպես ճեպազրույցում հայտնել է Ստեփան Սաֆարյանը, օրինագիծը նախատեսում է ամբողջությամբ արգելել օրենսդրական աշխատանքի եւ որեւէ այլ գործունեության համատեղումը` բացառությամբ ստեղծագործական աշխատանքի:

«Եթե պատգամավորն ինչ-որ բիզնես ունի, իսկ ԱԺ-ում քիչ են նման պատգամավորները, որ բիզնես չունեն, այն պետք է կառավարման հանձնվի, հակառակ դեպքում պատգամավորը կզրկվի մանդատից»,- հստակեցրել է Սաֆարյանը: Օրինագծով արգելվում է մասնակցել այն օրինագծերի քվեարկությանը, որոնք անմիջականորեն առնչվում են իր բիզնեսի հետ: Ստեղծվելու է նաեւ էթիկայի հանձնաժողով, որը կարգավորելու է այդ հարցերը:

ԱԺ նորաթուխ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով ի դեպ, «Գյումրի» գարեջրի գործարանի, «Սանասար-Բաղդասար» ռեստորանի եւ այլ օբյեկտների սեփականատերն է, հայտարարել է, թե աշխարհում չկա «գործարար-պատգամավոր» հասկացություն»: Նա նշել է, որ ամենուր կան պատգամավորներ, որոնք պաշտպանում են բիզնեսի շահերը, եւ ինքն էլ նրանցից մեկն է: Արամ Սաֆարյանն էլ նշել է, թե իրենք կանեն ամեն ինչ, որ օրենքը չափավոր լինի: