Հայաստանում խորհրդարանական ընտրություներից 4 ամիս առաջ քաղաքական ուժերի կոալիցիա ստեղծելն ու ինչ-որ մեծ հաջողությունների հույս ունենալն անհասկանալի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Անդրադառնալով  «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների կոալիցիայի շանսերին՝ պատգամավորն ասաց, որ այդ ուժերը միավորվելով ավելի ուժեղ չեն դարձել: Նա կարծում է, որ կոալիցիաները պետք է այնպիսին լինեն, որ հասարակությանն ասելիք ունենան, որպեսզի հասարակությունից որոշակի պատասխան ստանան ձայների տեսքով եւ տեղ զբաղեցնեն ԱԺ ապագա կազմում:

«Ցանկալի է, որ ապագա Ազգային ժողովում կառուցողական ընդդիմություն լինի: Ցավոք, եթե նայենք այսօրվա խորհրդարանին, կարելի է տեսնել, որ ի սկզբանե խորհրդարանում եղած  կոալիցիաներից ոչինչ չի մնացել: Խոսքը ՀԱԿ-ի մասին է, «Ժառանգության»: Եթե քաղաքական կուսակցությունները արհեստական կոալիցիաներ ստեղծեն եւ ընտրություններից մի տարի անց դադարեն գոյություն ունենալ, ապա բնականաբար ժողովուրդը չի քվեարկի նրանց օգտին: