Հորդանանում միջնադարյան ամրոցից ազատ են արձակել մի քանի գերիների, այդ թվում՝ զբոսաշրջիկների, որտեղ շարունակվում է ոստիկանների եւ նրանց վրա հարձակված զինյալների միջեւ փոխհրաձգությունը: Միջադեպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին, որոնց թվում են 4 ոստիկան եւ կանադացի մեկ զբոսաշրջիկ:

Անհայտ անձինք կիրակի Հորդանանի արեւմտյան Էլ-Քարաք քաղաքում հարձակվել էին ոստիկանների վրա, այնուհետեւ թաքնվել միջնադարյան ամրոցում, որը լի է եղել զբոսաշրջիկներով:

Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով նոր զոհերը տեղի բնակիչներ են: Մի քանի զբոսաշրջիկ դեռեւս ամրոցում են:

Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հարձակվողները, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ իսլամականներ են: