Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով այս տարին գերազանցեց նույնիսկ 2015-ին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին,  հրավիրված ասուլիսում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Չափազանց բարդ եւ լարված տարի էր, բազմաթիվ ֆիզիկական բռնություններ, որ արձանագրեցինք մասնագիտական գործունեության խոչընդոտումների փաստերը վկայում են, որ լրագրողները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Լրատվամիջոցները բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների»,-ասել է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝  ապրիլյան քառօրյա պատերազմը եւս  իսկապես լուրջ մարտահրավեր էր, որովհետեւ մեդիաների, սոցիալական ցանցերի զարգացման պարագայում պատերազմական գործողությունների լուսաբանումը միանգամայն նոր երեւույթ ու փորձություն էր լրագրողների համար:

<Մարտահրավեր էր հուլիսյան երկրորդ կեսի դեպքերը, երբ  Սասնա ծռեր զինված խմբավորումը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այստեղ էլ լուրջ հարցեր էր ծագել՝ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ, եթե ինչ-որ բան չի կարելի լուսաբանել, ապա ինչու, իսկ եթե լուսաբանվում է, ապա ինչպես: Այստեղ մենք ականատես եղանք ոստիկանական նոր վայրագությունների եւ այդ ամենը հիշեցրեց 2015 թվականի հուլիսյան իրադարձությունները Բաղրամյան պողոտայում, եւ այդ ճնշումները ֆիզիկական բռնությունները մասսայական թիրախավորված բնույթ էր կրում, աննախադեպ էր այն, որ կիրառվեցին հատուկ միջոցներ: Ըստ նախնական տվյալների՝ ֆիզիկական բռնությունների առումով այս տարին գերազանցեց նույնիսկ 2015 թվականը: Եւ բնական է, որ այս պայմաններում լրատվամիջոցը չի կարող ազատ գործել»,-ասաց Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանն ասաց՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում եւս արձանագրել են մասնագիտական գործունեության խոչընդոտումները: «Միայն էքստրեմալ պայմաններում չէր, վերջերս նաեւ Ազգային ժողովում  ցույց տվեց, որ ոչ միայն էքստրեմալ պայմաններում, այլ Ազգային ժողովի ներսում եւս լրագրողը կարող է ենթարկվել ֆիզիկական բռնության եւ ճնշման»:

Աշոտ Մելիքյանն ասել է, որ ՏԻՄ ընտրությունների լուսաբանումը լրագրողների համար  գալիք խորհրդարանական ընտրություններում ավելի է բարդանալու, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների պատճառով:

Օրենսդրական առումով նույնպես դաշտը բարենպաստ չի լրագրողական գործունեության համար: