Ազգ-բանակ համագործակցությունը, գաղափարախոսությունը միշտ էլ եղել է, միշտ էլ ժողովուրդը կանգնել է բանակի թիկունքին, 1000 դրամով չի որոշվում այդ կապը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն` անդրադառնալով վիրավոր եւ զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու օրենքին, որով նախատեսվում է աշխատավարձից պարտադիր սկզբունքով գանձել 1000 դրամ:
«Ես դեմ եմ 1000 դրամի նախագծին, բայց ես մի բանի կարող էի կողմ լինել, օրինակ մենք ունենք հարկային բեռ, թող էդ բեռից մի տոկոսը ուղղեին բանակի տվյալ սոցիալական խնդիրներին, ոչ թե 40-50 հազար դրամ փող ստացողն էլ տա 1000 դրամ, որ հացի փողն էլ չի կարողանում հայթայթի, 5 միլիոն ստացողն է տա նույնքան գումար։ Թող աշխատավարձի մեկ տոկոսը լիներ եւ 30 հազարն էլ մի տոկոսը տար, 5 միլիոն ստացողն էլ: Իսկ ինչ վերաբերվում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, ժողովուրդը բանակի թիկունքին կանգնած է եղել միշտ, 1000 դրամի խնդիր չէ դա։ Ապրիլյան դեպքերի ժամանակ համոզվեցինք, որ ժողովուրդը միանգամից կանգնեց բանակի կողքին ու իր վերջին հացը ուղարկեց բանակ։ Մարդիկ պատրաստակամ էին օգնելու ու զինվորագրվեցին բանակ: Սա նշանակում էր, որ ժողովուրդը, ազգը բանակի կողքին է»,-ասաց Մելքոնյանը։
Ըստ նրա` սոցիալական խնդիրներ լուծելու տարբեր ելքեր կային եւ այս հանգանակությունը միակ լուծումը չէր:





























