Անկարայի գլխավոր դատախազությունը շարունակում է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով քննչական գործողությունները։ Քննությանը ներգրավվել է 120 մարդուց բաղկացած մասնագիտական խումբ։

Թուրքիայի ու Ռուսաստանի քննչական օրգանների ներկայացուցիչները Մինեսոթյան արձանագրության համապատասխան մշակել են կազմակերպված աշխատանքներ, հայտնում է «ԱՆադոլուն»։ Այս պահին արդեն 11 կասկածյալ է ձերբակալվել։

Ուսումնասիրվում են մարդասպան Մեվլյութ Մերթ Ալթընբաշի բջջային հեռախոսի ու բանկային գործարքների տվյալները։ Հետաքննվում է նաեւ նրա կողմից դեղերի կամ այլ միջոցների գործածման հավանականությունը։ Հայտնի է դարձել, որ հեղաշրջման փորձից երկու օր առաջ Ալթընբաշը արձակուրդ էր վերցրել Դիարբեքիրի ոստիկանության բաժնից, որտեղ այն ժամանակ աշխատում էր։ Իր արձակուրդը նա անցկացրել է Անկարայում։ ՀԻմա պարզում են, թե հատկապես ինչ էր նա այդ օրերին անում մայրաքաղաքում։

Ռուս դիվանագետին սպանողի գրպաններում երեք պահունակ ու եւս 20-25 փամփուշտ կար։

Դատախազության մարմինները նաեւ քննում են այն հարցը, արդյոք հնարավոր էր հանցագործին չսպանել ու ողջ ձերբակալել։ Այս կապակցությամբ մանրակրիտ ուսումնասիրվում են Կարլովի սպանությանը հաջորդած փոխհրաձգության կադրերը։

Կադրերից ու ականատեսների վկայություններից պարզ է դառնում, որ Կարլովի վրա կրակելուց հետո հանցագործը դահլիճի խորքն էր գնացել ու սկսել մեկ առ մեկ պատռել ու գետնին գցել ցուցադրված լուսանկարները։ Երբ նրան կոչ են արել հանձնվել ժամանած ոստիկաններին, Ալթընթաշը սկսել է կրակել։ Հետո, թաքնվելով միջնապատերից մեկի հետեւում, շարունակել է կրակել ոստիկանների վրա։ Դրանից հետո պատահարի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները վիրավորել են նրան նախ կոնքի, հետո ծնկի մասում։ Ընկնելուց հետո Ալթինթաշը շարունակել է կրակել։ Իսկ երբ ասել են «հանձնվիր»՝ նա պատասխանել է «ինձ ողջ չեք վերցնի»։ Ենթադրվում է, որ իրավապահները նրան սպանել են, երբ կարծել են, թե Ալթինթաշը ռումբ է փորձում հանել։