Ապօրինի հարստացման քրեականացման կապակցությամբ քաղաքական կամքի թեմայից խոսելը սխալ է եւ անազնիվ։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին շատ երկար է խոսվել։ «Անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի օրենքը լիարժեք գործի։ Մենք չենք ասել, որ վաղվանից օրենքն ուժի մեջ կմտնի, որպեսզի մեզ չմեղադրեն դիվիդենտ հավաքելու մտադրության մեջ։ Ոչ, դրա համար մի քանի օղակ է պետք»,– ասաց նախարարը։
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի հարստացման ինստիտուտը պետք է կենդանի եւ շնչող դառնա։ «Մենք մի խնդիր ունենք. միշտ կարծում ենք, որ ինչ–որ երեւույթի դեմ պայքարը պետք է ուղեկցվի կտրուկ քայլերով եւ տեսարաններով։ Ես՝ որպես նախարար եւ ՀՀ քաղաքացի, վստահ եմ, որ այդ օրենքը հսկայական նշանակություն կունենա զսպման տեսակետից։ Մենք պարտավոր ենք գործադրել այպիսի մեխանիզմներ, որոնք որեւէ մեկի համար մտրակի չեն վերածվի»,– հավելեց նախարարը։




























