«Միս, թռչնամիս, ձուկը, սացիվի, գոճի, հրավառություններ ու շամպայն՝ սա ոչ ամբողջական ցուցակն է, թե ինչերից է բնակչությունը ստիպված հրաժարվել սոցիալական ծանր պայմանների պատճառով։ Միջոցների բացակայությունից բացի քաղաքացիները դժգոհում են տրամադրության բացակայությունից ու ասում, որ երկրում հուսահատության վիճակ է տիրում։ Լարիի արժեզրկումը նրանց մոտ ստեղծում է անկայունության զգացողություն ո ւ իրադարձություների վատագույն զարգացման ակնկալիք, ինչն արդյունքում անդրադառնում է նաեւ նրանց տրամադրության վրա։ «Մենք հիմա տոների տրամադրություն չունենք»,- այսպես են շարքային քաղաքացիները նկարագրում իրենց վիճակը։ Պարբերականն այցելել է պաարենամթերային շուկա ու զրուցել վաճառողների ու գնորդների հետ։ Մենք հետաքրքրվել ենք, թե որքանով է լարիի արժեզրկումն անդրադարձել նրանց վրա ու կա՞ մի բան, որից նրանք ստիպված են եղել հրաժարվել տնտեսական խնդիրների պատճառով։ Ցանկն ավելի երկար էր, քան մենք ենթադրում էինք։ Մենք հարցուփորձ ենք արել մոտ քսան մարդու ու նրանց մեջ չկար մեկը, ով ասեր, որ փոխարժեքը ոչ մի կերպ չի ազդել իր ընտանիքի ու եկամուտների վրա եւ որ Նոր տարին իրենք դիմավորելու են սովորականի պես։ Նրանց մեծ մասն ասում էր, որ ստիպված են լինելու հրաժարվել վրացական ավանդական ամանորյա կերակրատեսակներից։ Սեղաններին չեն լինի սացիվի, գոճի, շամպայն, որոշ դեպքերում էլ կոզինախ։ Ընկույզի թանկության պատճառով ոմանք այլընտրանքային տարբերակ են առաջարկում՝ անտառային ընկույզով»,- գրում է «Ռեզոնանսի» թերթը։
«Ամեն տարի ես իմ վեց թոռներին նվերներ էի գնում, բայց այս տարի չեմ կարողանա։ Սեղանի հարցում էլ սահմանափակումներ կլինեն։ Ճիշտ է մեր ընտանիքում դոլարային պարտքեր, փառք աստծու, չկան, բայց ամեն ինչ այնքան է թանկացել, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ առաջվա ճոխությունը»,- ասում է քիմիկոս Մզիա Լեժավան։
«Մենք առանց այդ էլ Նոր տարուն շատ բաներից էինք հրաժարվում։ Գոճին ու սացիվին արդեն երկար տարիներ չկան մեր սեղաններին։ Հնդուհավն էլ փոխարինել ենք հավով, իսկ այս տարի՝ ճուտ կգնենք»,- ասում է 69-ամյա թոշակառու Սոսո Ջգարկավան։
«Նոր տարուն այն ժամանակ ես ուրախ լինում, երբ լավ տրամադրություն ունես։ Իսկ մենք հիմա տոների տրամադրություն չունենք։ Շուրջն այնքան խնդիրներ կան, այնքան անապահովներ, որ հիմա ոչ ոք տոների ու զվարճանքների տրամադրություն չունի»,- ասում է կրկնուսույց Մայա Սուարիշվիլին։




























