Երեւանի տաքսի ծառայություններից մեկի վարորդ` 50-ամյա Կարեն Հովհաննիսյանը 2016թ.-ը` աշխատանքի բերումով մեքենայի մեջ է դիմավորել, հարազատներին ու ծանոթներին հեռախոսով շնորհավորել: NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը պատմեց, որ դեկտեմբերի վերջին երկու շաբաթները վարորդները գերծանրաբեռնված են աշխատում, իսկ դեկտեմբերի 31-ին ոչ թե շատ պատվերներ են ունենում, այլ խցանված փողոցների պատճառով ամբողջ օրն անկացնում մեքենայի մեջ, որի պատճառով էլ չեն հասցնում ժամանակին աշխատանքն ավարտել ու Նոր տարին տանը` ընտանիքի հետ դիմավորել:
«Արդեն 4 տարի է` տաքսի եմ քշում: Քանի որ սեփական մեքենաս չէ, ղեկավարության թելադրած օրենքներով եմ շարժվում` դեկտեմբերի 31-ին անպայման պետք է աշխատենք եւ ինչքան հնարավոր ա շատ քաղաքացիների սպասարկենք: Այդ օրը մեկ ժամ` 24:00-01:00-ն ընդմիջում են տալիս, որ գնանք տուն ու Նոր տարին տանը նշենք, բայց դե էդ խցանումների մեջ մեկ ժամը ոչ մի բան չի ասում: Անցած տարի դրա պատճառով էլ Նոր տարին էս մեքենայի մեջ եմ դիմավորել»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Տաքսու վարորդը 2016թ. մեքենայի մեջ է դիմավորել «Ձմեռ պապիկի» հետ, որը նույնպես աշխատանքի մեջ էր: «Ժամը 23:30 էր, կես ժամ էր մնացել, որ աշխատանքս ավարտեմ, Ձմեռ պապին Կոմիտասի վրա կանգնեցրեց: Ուղղությունն ասաց Լենինգրադյան, մտածեցի` կհասցնեմ: Նոր տարվա գիշերը գնում էր պատվերով, ինքն էլ էր ուշանում, ես էլ: Բայց մեր բախտը չբերեց` խցանման մեջ մնացինք Կոմիտասում ու հենց Ձմեռ պապիկի հետ էլ Նոր տարին դիմավորեցի: Ասեմ որ շատ էլ ուրախ անցավ` 12-ը խփեց, Ձմեռ պապիկին շնորհավորեցի, հետո զանգեցի կնոջս ասի` Ձմեռ պապիկի հետ եմ, ուշ տուն կգամ: Պարզվեց` Ձմեռ պապիկն էլ տնեցիներ ունի, զանգեց, շնորհավորեց նրանց: Մինչեւ խցանումից դուրս եկանք, արդեն ուշ էր, Ձմեռ պապիկին տարա էդ ուղղությունով, ես նորից վերադարձա աշխատանքի, էլտուն չգնացի»,-պատմեց Կարեն Հովհաննիսյանը:
Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ այս Նոր տարին ամեն ինչ անելու է,որ կնոջ հետ դիմավորի. Կատակում է, եթե աշխատանքի վայրից թույլ չտան շուտ տուն գնա, կնոջն այդ օրն իր հետ աշխատաքի է տանելու. «Աղջիկներս մեծ են, ամուսնացել են, կնոջս հետ մենակ ենք ապրում: Բայց էս տարի որոշել եմ` մեքենայիս մեջ եմ նստեցնելու ու ման եմ տալու հետս, որ եթե չհասցնեմ տուն գնալ` Նոր տարին միասին դիմավորենք…»:




























