Ցանկացած քաղաքական գործչի էլ կարելի է նստեցնել էլեկտրական աթոռին եւ ասել` դու էսինչ թվին էս ինչ բանը չարեցիր, բայց զրկել մարդուն պարզապես քաղաքական օրակարգում ինչ-որ բան փոխելուց, կարծում եմ` ճիշտ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն` արձագանքելով հարցին, թե արդյոք իշխանության դեմ պայքար սկսելուց առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հասարակությանը չպետք է բացատրություն տա իր արած-չարածի համար:
«Այո, շատ բաների համար պատասխանատու են անցյալում պաշտոն զբաղեցրած մարդիկ, որոնք այսօր հավակնում են իշխանության, բայց զրկել մարդուն քաղաքական օրակարգում ինչ-որ բան փոխելուց, զրկել այդ իրավունքից ու ասել, որ դու դրա հնարավորությունը ունեիր տասը տարի առաջ եւ չես արել, հիմա դրա բարոյական իրավունքը չունես անելու, ես կարծում եմ, բացարձակ ճիշտ չէ, եւ մեզանից որեւէ մեկը կադաստրի պեչատ չունի, որ նստի խփի, թե ով իրավունք ունի իրացնել քաղաքական օրակարգը, ով` ոչ»,-ասաց պատգամավորը:
Հարցին` ութը տարի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, իշխանության հենարանը դարձած գործիչը չպե՞տք է հասարակությանը ներկայացնի` ինչն էր իրեն կաշկանդում այդ առանցքային պաշտոնում փոփոխություններ իրականացնել, Զոհրաբյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ յուրաքանչյուրը, ով նախկինում եղել է այս կամ այն ոլորտի պատասխանատուն, երբ որ ներկայացնում է իր քաղաքական օրակարգը, այո նաեւ պիտի հանրությանը տա բացատրություն, թե ինչու չի կարողացել իրացնել իր պատասխանատվությունը: Միգուցե պատճառներ են եղել դրա համար: Ես կարծում եմ` որպես նախկին պաշտոնյա, նա ունի դրա կարիքը: Ճանաչելով ու գնահատելով Սեյրան Օհանյանի շիտակությունը` կարծում եմ` անպատասխան որեւէ հարց օդում չի թողնի»,-ամփոփեց պատգամավորը:





























