ՀՀ ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված  օրենսդրական եւ իրավական մի շարք հարցեր եւ հանձնաժողովին ներկայացված առաջարկներ, մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման դրույթներին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առնչվող  խնդիրներ, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: