Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով տեղական համայնքները իրավունք են ստանում իրենց համայնքի վարչական սահմանում գտնվող գազալցակայններից գանձել հատուկ վճար: Վարձավճարի գինը սահմանվել է 150-200 հազար դրամ` 1 տարվա համար: Նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվի խորհրդարանին, որտեղ «գազային» ազդեցիկ լոբբին ղեկավարում է անձամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Չի բացառվում, որ խորհրդարանականները հերթական «կռիվը» տան օրինագիծը տապալելու կամ հետաձգելու համար, չնայած որ 200 հազար դրամը գազալցակայանների համար մեծ գումար չէ: Ըստ փորձագետների հաշվարկների, 4 խողովակ ունեցող 1 գազալցակայանի միջին ամսական մաքուր շահույթը մոտ 50 հազար դոլար է: Հատկանշական է, որ սույն օրենքի նախագիծը կառավարության նիստում շատ արագ քվեարկության դրվեց, ոչ նիստի ընթացքում, ոչ դրանից հետո անդրադարձ չեղավ: Ակնհայտ է, որ կառվարությունը շահագրգռված չէ օրենքի նախագծի հրապարակային քննարկմամբ:
Օրենքի նախագծի թերությունն այն է, որ այն հաշվի չի առնում գազալցակայանի խողովակների թիվը: Հանրապետության մարզերի մեծ մասում գործում են 1-3 խողովակով գազալցակայաններ, իսկ Երեւանի մերձակայքում 4-7 խողովակով, հետեւաբար վերջիններիս շրջանառությունն ու շահույթներն ավելի մեծ են:




























