Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է Ամանորին խստագույնս պահպանել տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես խորհուրդ է տրվում.

-Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին եւ գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.

-Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.

- Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ եւ չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը.

- Եթե եղեւնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.

- Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել.

- Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց եւ այլն, ինչպես նաեւ էլեկտրական լապտեր.

- Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Չի թույլատրվում`

- տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ.

- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.

- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ եւ զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաեւ ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից եւ պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.

- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.

- միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջեւ եղած հեռավորությունները, ինչպես նաեւ անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.

- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որեւէ տեսակի գույք եւ նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:

Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրեւները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:

Եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ գործողությունները.

• Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.

• Ահազանգեք հրշեջներին եւ երեխաներին դուրս բերեք սենյակից.

• Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերեւ (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղեւնի է).

• Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց եւ ավազ լցրեք.

• Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.

• Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը եւ դրսի կողմից ջուր ցանեք վրան.

• Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետեւանքով հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Կարեւոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը Ամանորյա հանդիսությունների ժամանակ: