Հասարակածային Գվիենայի իշխանություններն անցյալ շաբաթ կալանավորել են Societe General բանկի երեք ղեկավարներին՝ 2 ֆրանսիացու եւ մեկ իսպանացու՝ նրանց մեղադրելով «բանկային լրտեսության» մեջ, գրում է Financial Times–ը։
Պարբերականը հայտնում է, որ բանկի ղեկավարներին մեղադրանքներ են ներկայացվել բանկային գաղտնիքի մասին օրենքի եւ որոշ ֆինանսական փաստաթղթերի չհրապարակման պարտավորության խախտման մեջ, որոնք կարող են օգտագործվել երկրի փոխնախագահ Թեոդորին Օբիանգի դեմ։
Ներկայումս Օբիանգ կրտսերը հոր՝ Թեոդոր Օբիանգի կառավարությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել աֆրիկացի քաղաքական գործչի դեմ՝ հայտարարելով, որ նա Փարիզում անշարժ գույք եւ թանկարժեք մեքենաներ է գնել պետական միջոցների հաշվին։





























