Չնայած Երկրի պատմությունը հաշվվում է միլիարդավոր տարիներով, այն լճերի մեծ մասը, որոնք այսօր տեսնում ենք մոլորակի վրա, բավականին երիտասարդ կազմավորումներ են։ Սակայն կան նաև շատ ավելի հին բացառություններ․ գիտնականների պնդմամբ՝ աշխարհում իրականում գոյություն ունի ընդամենը երկու տասնյակ իսկապես հնամյա լիճ, և դրանցից մեկը մենք հենց նոր ոչնչացրինք, գրում է IFLScience-ը:
Ըստ հետազոտողներ Իզա Շենի և Կուն Մարտենսի՝ պատճառն այն է, որ լճերը իրենց բնույթով հակված են «ինքնասպանության», քանի որ դրանց գոգավորություններն աստիճանաբար նստվածքային ապարներով են լցվում։ Արդյունքում մեր մոլորակի հարյուր հազարավոր ներքին ջրամբարների մեծ մասն առաջացել է 18 հազար տարուց պակաս ժամանակ առաջ։
Լճերի մեծ մասը երկար չի գոյատևում․ դրանք հայտնվում են, որպեսզի շուտով անհետանան։ Օրինակ՝ նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերը, որոնք ձևավորվել են սառցադաշտային էրոզիայի և հալոցքային ջրերի կուտակման հետևանքով, ընդամենը մոտ 14 հազար տարվա պատմություն ունեն։ Սակայն լինում են նաև բացառություններ՝ հին լճեր, որոնք շատ ավելի երկար են գոյատևել։
Գիտնականները նշում են, որ մոտ 20 հին լճերից ԱՄՆ-ում գտնվում են միայն երկուսը՝ Թահոն և Թյուլը։ Երկուսն էլ Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող տեկտոնապես ակտիվ տարածաշրջանում են՝ Կալիֆոռնիայի տարածքում կամ նրա սահմանների երկայնքով, գրում է Фокус-ը։ Նշվում է, որ լճի երկար գոյատևման համար տեկտոնական գործընթացները պարտադիր չեն․ որոշ ջրամբարներ առաջացել են երկնաքարերի ընկնելու հետևանքով․ դրանցից է, օրինակ, Քվեբեկում գտնվող Պինգուալուիտ խառնարանը։
Միևնույն ժամանակ հին լճերը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում կենսաբանների համար, քանի որ դրանցում կարող է եզակի կենսաբազմազանություն պահպանվել։ Բացի դրանից, նման լճերը յուրատեսակ բնական էվոլյուցիոն լաբորատորիաներ են ծառայում, որոնք գոյություն ունեն միլիոնավոր տարիներ։
Համարվում է, որ Սիբիրի հարավում գտնվող Բայկալ լիճը Երկրի վրա ամենահինն է՝ գոյություն ունենալով արդեն մոտ 25 միլիոն տարի։ Այդ ջրամբարը ոչ միայն աներևակայելի հին է, այլև համարվում է աշխարհի ամենախոր լիճը, ինչպես նաև պարունակում է աշխարհի հեղուկ քաղցրահամ ջրի պաշարների մոտ 20%-ը։ Ավելին, նրա խորքերում բավական դաժան մարդակեր ձկներ են բնակվում: Նախորդ հետազոտությունները միաժամանակ ցույց են տվել, որ Բայկալում բնակվող բույսերի և կենդանիների տեսակների մոտ 80%-ն այլևս ոչ մի տեղ չի հանդիպում Երկրի վրա։ Եվ այնուամենայնիվ, չնայած այս բոլոր տիտղոսներին, Բայկալը աշխարհի ամենամեծ լիճը չէ ոչ մակերեսի, ոչ էլ ծավալի առումով։ Այդ կոչումը պատկանում է Կասպից ծովին, որը նույնպես դասվում է հին լճերի շարքին։
Նշենք, որ Կասպից ծովին ավելի հեշտ դարձավ պահպանել ամենամեծ լճի տիտղոսը 1960-ականների խորհրդային ոռոգման նախագծերի հետևանքների պատճառով, որոնք «նոսրացրին» մրցակիցների շրջանակը։ Օրինակ՝ Արալյան ծովը՝ հին լիճ, որը գտնվում է Ղազախստանի և Ուզբեկստանի միջև, ժամանակին աշխարհի մեծությամբ չորրորդ լիճն էր։ Սակայն 1960-ականներից սկսած՝ ոռոգման պատճառով լիճ ջրի ներհոսքը նվազեց։ 1980-ականներին այն արդեն բաժանվել էր երկու մասի՝ Մեծ Արալի և Փոքր Արալի։
Եվս մի քանի տասնամյակ անց Մեծ Արալը կրկին բաժանվեց, և այսօր նրա արևելյան հատվածը լիովին չորացել է։ Այնուհետև դրա տեղում առաջացավ աշխարհի ամենաերիտասարդ անապատը, որը ստացավ Արալկում անվանումը։





























