Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Ֆրանսիայում բնակվող հրեաներին կոչ է արել հեռանալ այդ երկրից: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Haaretz-ը:

«Հավանաբար՝ ժամանակն է Ֆրանսիայի հրեաներին ասել. «Դա ձեր երկիրը չէ, դա ձեր հողը չէ: Հեռացեք Ֆրանսիայից եւ Իսրայել եկեք»,- «Իսրայելը մեր տունն է» կուսակցության հավաքի ժամանակ ասել է նախարարը:

Այս հայտարարությունը կապված է 2017 թվականի հունվարի 15-ին նախանշված Մերձավոր Արեւելքում խաղաղության հարցով միջազգային համաժողովի հետ, որը Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացվելու է այդ երկրում: Համաժողովին շուրջ 70 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են մասնակցելու:

Լիբերմանի խոսքով՝ Ֆրանսիայից հրեաների դուրս գալը «միակ պատասխանն է այդ դավադրությանը», իսկ համաժողովը «տրիբունալ է Իսրայել պետության դեմ»: Ըստ նրա՝ այդ համաժողովի իրական նպատակն «Իսրայելի անվտանգությունը խափանելն» ու երկրի վարկանիշին հարվածելն է: