Ապրիլյան իրադարձությունները արմատականացրին հակամարտող կողմերի հասարակություններում տրամադրությունները խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին «Անալիտիկոն» պարբերականում գրել է քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր փոխզիջումների մասին որեւէ քննարկում չի ընդունվում։ «Անգամ ԼՂՀ տարածքների մի մասի հնարավոր հանձնման մասին շշուկները Երեւանում ներքին զինված անկայունության հանգեցրին։ Դրա արդյունքում եղան սպանվածներ եւ վիրավորներ (Սարի թաղի դեպքեր, խմբ.)»։

Վերլուծաբանը կարծում է, որ միջնորդ երկրները պետք է դասեր քաղեն այդ իրադարձություններից։

Վերլուծաբանը նաեւ նշել է, որ առանց հրադադարի ռեժիմի մշտական հսկողության միջազգային մեխանիզմի եւ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ու վստահության միջոցների իրականացման, քաղաքական հարցերով բանակցությունների արհեստական ինտենսիվացումը շատ վտանգավոր է։

«Ապրիլին փոխված հանգամանքները պետք է արմատապես ձեւափոխեն բանակցային գործընթացի «մադրիդյան» տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ բանակցությունների շարունակումը նախկին հունով վնասակար է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։

Սակայն չնայած նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հրադադարի պահպանումը առաջնային խնդիր են համարում, նրանք չեն շտապում հրաժարվել հնացած մոտեցումներից»։