Ապրիլյան իրադարձությունները հաստատեցին, որ ադրբեջանական կողմը բանակցություններում համաձայնության գալու ընդունակ գործընկեր չէ։ Այս մասին «Անալիտիկոն» պարբերականում գրել է քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։
Վերլուծաբանը նշում է, որ Ադրբեջանը, սկսելով նոր զինված ագրեսիա, ոչ միայն տապալեց բանակցային գործընթացը եւ խախտեց իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այլ նաեւ փորձեց չեղարկել հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը, որոնք ստորագրել էին ԼՂՀ–ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ՊՆ–ները 1994-1995 թվականներին։ Նախկինում ընդունված փաստաթղթերի փաստացի չեղարկման մասին նոտաները տարածել էին ԵԱՀԿ–ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը՝ 2016-ի ապրիլի 11-ին եւ ՄԱԿ–ում Ադրբեջանի մշտական առաքելությունը՝ 2016-ի ապրիլի 14-ին։ Դրանով Բաքվի իշխանությունները փորձեցին հրաժարվել փաստաթղթերից, որոնք, Ադրբեջանից բացի, ստորագրել էին նաեւ ԼՂՀ ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչները։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները օպերատիվ եւ կոշտ արձագանքեցին ադրբեջանական իշխանությունների գործողություններին։ Միջնորդ երկրները նշեցին, որ 1994-ի Հրադադարի մասին համաձայանգիը եւ 1995-ին ԼՂ հակամարտության հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ նախկինի պես հրադադարի հիմքում են գտնվում։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ արեց բոլոր ներգրավված երկրներին ամբողջովին պահպանել հրադադարի մասին համամձայանգիրը»,– արձանագրում է Մասիս Մայիլյանը։
Նրա խոսքով՝ չնայած դրան՝ հրադադարի իրավական բազան կասկածելի է մնում, քանի դեռ պաշտոնական Բաքուն հետ չի կանչել իր նոտաները կամ Ադրբեջանի ԱԳ նախարարի կամ նախագահի մակարդակով հայտարարություններ չի արել այն մասին, որ իրենք հավատարիմ են նախկինում ընդունած համաձայնագրերին։
«Եթե նախքան ապրիլյան պատերազմը տարածաշրջանում գործում էր «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը, ապա Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմից փաստացի դուրս գալը նշանակում է, որ Արցախին ու ՀՀ–ին՝ որպե հակամարտության կողմերի՝ պատերազմ է հայտարարվել։ Միջազգային միջնորդները պետք է շտապ վերականգնեն հրադադարի իրավական բազան, առանց որի, կարգավորման քաղաքական հարցերի քննարկումն անիմաստ է»,– նշում է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար ու միջնորդ երկրները պետք է հետեւողական լինեն հրադադարի իրավական բազայի հարցում եւ Ադրբեջանի պահանջեն վերականգնել 1994-ի մայիսին տիրող հակամարտող զորքերի շփման գծում կոնֆիգուրացիան (status quo post bellum)։ Այդ հանձնարարականի իրագործումը կարող է զսպման եւ ռազմական գործողությունների չվերականգնման արդյունավետ միջոց դառնալ։





























