Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում այսօր` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը տան միակ որդին էր:

NEWS.am-ի տեղեկություններով, ընտանիքի միակ կերակրողն էր 26-ամյա Շավարշը: Նշենք, որ Շավարշի ավագ քրոջ նշանդրեքը երկու ամսով հետաձգվել էր, քանի որ Շավարշը պետք է աշխատավարձը հավաքեր: Քրոջ հարսանիքը նախատեսված էր փետրվարին:

Շավարշ Մելիքյանն Աշոցք համայնքից էր, պայմանագրային ծառայության էր անցել 4 տարի առաջ:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: