Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ «Ինտեկո» ներդրումային-շինարարական ընկերության ղեկավար Ելենա Բատուրինան, հայտարարել է, որ իր եղբայրը՝ Վիկտոր Բատուրինը, ընկերությունից հեռացվել է վատնումների համար, ինչը «ճիշտ կլիներ գողություն անվանել»։
Բատուրինայի խոսքով, իր եղբայրը պարբերաբար, առանց իր համաձայնության, գործարքներ է կնքել եւ «Ինտեկոյի» փողերը փոխանցել իր հաշվի վրա, նաեւ ընկերության փողերը ծախսել անձնական կարիքները հոգալու համար, գրում է Lenta.ru-ն։
«Երբ այս փաստերը բացահայտվեցին, եւ նրանից հաշիվ պահանջվեց, Վիկտորը, չկարողանալով տրամաբանական որեւէ բացատրություն տալ եւ հեռանալու մասին դիմումը դրեց սեղանին»,- հայտարարել է ընկերության ղեկավարը։
Ելենա եւ Վիկտոր Բատուրինները «Ինտեկոն» հիմնադրել են 1991 թվականին։ 2007 թվականին՝ բիզնեսի բաժանման ժամանակ, Ելենային ստացել է «Ինտեկոյի» 99 տոկոսը, իսկ Վիկտորը՝ բոլոր ոչ մոսկովյան ակտիվները։





























