Սուրճի համաշխարհային առաջարկը կարող է կրճատվել, ինչը կհանգեցնի գների աճի։ Բացի այդ՝ Հնդկաստանը կանխատեսում է սուրճի առաքումների ուշացում տեւական անձրեւների պատճառով։ Այդ մասին հաղորդում է Финмаркет-ը։ Սուրճի բերքահավաքը Հնդկաստանում ենթադրվում է, որ կսկսվի նոյեմբերի կեսերին՝ սովորականից 3 շաբաթ ուշ, հայտարարել է Հնդկաստանի սուրճ արտահանողների ասոցիացիայի նախագահ Ռամեշ Ռաջան։
Սուրճի խոշոր արտադրող մեկ այլ երկիր՝ Վիետնամը, նույնպես կանխատեսում է սուրճի արտադրության կրճատում 3 տոկոսով։
Նշենք, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 8-8,5 հազար տոննա սուրճ։ Ընդ որում՝ այս տարի սուրճի սպառումը Հայաստանում կտրուկ ավելացել է եւ 9 ամսվա արդյունքներով հասել 7700 տոննայի։
Հայաստանում փաթեթավորված եւ մշակված սուրճի մի մասն արտահանվում է։ Այս տարի արդեն իսկ արտահանվել է մոտ 1000 տոննա սուրճ։
Հայաստանը սուրճի հումք հիմնականում ներմուծում է Բրազիլիայից, Հնդկաստանից եւ Կոլումբիայից։ Բոլոր այդ երեք երկրներում էլ սուրճի մատակարաման դժվարություններ են առաջացել։ Օրինակ՝ Բրազիլիայում, ուր այս տարի սուրճի բարձր բերք է ստացվել, արտահանումը դժվարացել է նավահանգիստների անպատրաստության պատճառով։ Ներկայում բրազիլիական նավահանգիստներում սկսել են կուտակվել շաքարեղեգի եւ սուրճի խմբաքանակներ։ Կոլումբիան, որ աշխարհում երկրորդ տեղն է գրավում «արաբիկա» սուրճի արտադրությամբ, 2011 թ. նախատեսում է սկսել սուրճի ծառերի վերատնկման (ծերացած ծառերի փոխման) ծրագիր։ Իսկ քանի որ նոր տնկված սածիլները բերք են տալիս 3-4 տարի հետո, այդ պատճառով կանխատեսվում է արաբիկա սուրճի գնի բարձրացում: Այն արդեն շատ բարձր մակարդակի վրա է՝ 1 ֆունտի դիմաց 2 դոլար։





























