Երեւանի հանրակացարաններից մեկում հունվարի 1-ին մահացած հայտնաբերված սպան` ՌԴ քաղաքացի Վիկտոր Եմելյանովը, Երեւանում ապրում էր միայնակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է շենքի բնակիչներից: Մահվան պատճառների մասին հարեւանները հստակ չգիտեին, նախնական տեղեկություններ են լսել, որ 45-ամյա սպան հանկարծամահ է եղել: Այդ օրը նա աշխատանքի չի ներկայացել: Բացակայությունը նկատելով`գործընկերները իրավապահներին են ահազանգել, որոնք էլ տուն մտնելով՝ հայտնաբերել են Վիկտոր Եմելյանովին մահացած վիճակում:
Հարեւաններն ասացին, որ օրեր առաջ նրան տեսել են, որեւէ արտակարգ բան չեն նկատել: Ըստ նրանց` Եմելյանովը Երեւանում էր ապրում մի քանի տարի:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի հանրակացարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ մահացածը ռուսական ավիաբազայի սպա, մայոր Վիկտոր Եմելյանովն է, եւ զինծառայողի մահվան պատճառը կարող էր լինել սրտային սուր անբավարարությունը: Հայաստանում ռուսական բազայի հրամանատարությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:





























