Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 1-ին բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երեւան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:
Նախարարության մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու հայտեր էին վերցրել 13 կազմակերպություններ, բայց փաստաթղթեր ներկայացրել են 3-ը: Վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար ավստրիական STRABAG International ընկերությունն առաջարկել է 51,141 մլն ԱՄՆ դոլար, ամերիկյան` Feletechnologies ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար եւ իսպանական MJGRUAS-ը` 22,618 դոլար:
Մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի եւ կգնահատի մրցութային փաթեթները, դրանք կներկայացնի Ասիական զարգացման բանկին, որի կողմից հավանություն ստանալուց հետո` կներկայացնի Կառավարման խորհրդի հաստատմանը: Հաշվի առնելով, որ պայմանագրի արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլարը` կկայացվի ՀՀ կառավարության որոշում, որից հետո կապալառուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանը եւ ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Կապալառուն պետք է վերակառուցի ծածկը, բարելավի ջրահեռացումը, կողնակները եւ ճանապարհի անվտանգությունը, վերանորոգի Երեւան-Աշտարակ ճանապարհի առկա կառույցները: Նախատեսվող աշխատանքները համատեղ կֆինանսավորվեն Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ Հայաստանի Հանրապետության կողմից:





























